Ի՞նչ գիտենք Թուրքիայի հակահայկական ծրագրերի մասին, գուցե 2015-ին անակնկալ պրովոկացիաներ ու շանտաժնե՞ր մատուցվեն, որոնց դիմագրավելու, ինչպես հարկն է պատասխանելու պատրա՞ստ չենք: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին՝ թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առջև խնդիր է դրված` լինել նախահարձակ, այլ ոչ թե արձագանքել թուրքական գործողություններին: Ըստ նրա` պետք է ստիպել, որ թուրքերն իրենք հարկադրված լինեն արձագանքելու հայության գործողություններին. «Թուրքիայի նախագահը դեսպաններին հատուկ հրահանգել է 2014-2015-ին իրենց պաշտոնավարած երկրներում լայն աշխատանքներ տանել «վերականգնելու Թուրքիայի բարի համբավը: Սա ռազմական տերմինաբանությամբ նշանակում է տագնապ հայտարարել և խստացված ռեժիմով աշխատել: Բացի այդ, հավաքագրվում են թուրքական սփյուռքի ազդեցիկ դեմքերը և իրենց ռեսուրսներով հանդերձ ներգրավվում 2015-ին նախատեսված գործողությունների մեջ, որոնք, բնականաբար, հակահայ բնույթի են լինելու: Թուրքական մամուլում նաև տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 100-ամյակին ընդառաջ հնարավոր է Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը` կասեցնելու համար 100-ամյակի միջազգային հզոր արշավը: Անկարան օգտագործում է նաև կինոքարոզչությունը և պետության պատվերով նկարահանում է 1915-ին վերաբերող ֆիլմ, որը պիտի էկրանավորի պետական ժխտողական թեզը»:
Թուրքագետն ընդգծեց, որ միջազգային հանրությանը ցնցող և պատմական փաստի մասին իրազեկող մի գլուխգործոց ֆիլմն ըստ էության կարող է ավելին անել, քան մի ամբողջ դիվանագիտական կորպուս: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ըստ նրա, կարևոր են կինոքարոզչությունը և օտարալեզու գրահրատարակչությունը, ռեսուրսների մեծ մասը կարելի է և պետք նպատակաուղղել այդ գործիքների կիրառմանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. - Զրույցի մանրամասները՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում: